Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, եարցախ եւ ի սփիւռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամէնքիդ:

Նոր տարուայ սեմին ենք մեր սպասումներով ու յոյսերով, նաեւ անհանգիստ սրտով ու մտահոգութիւններով: Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ չեղաւ տագնապներից, ունեցանք նոր զոհեր ու կորուստնէր: Հայրենիքը տակաւին կանգնած է անվտանգային մարտահրաւէրների առջեւ․ թշնամական նշանառութեան տակ են մեր սահմաններն ու խաղաղ բնակավայրերը: Արցախաբնակ Մեր զաւակները աննկուն ոգով շարունակում են պայքարել յանուն իրենց անկախ կեանքի իրաւունքի պաշտպանութեան` դիմագրաւելով բազում նեղութիւնների` նաեւ Լաչինի ճանապարհի արգելափակումով պայմանաւորուած: Այսպիսի դժուարին իրավիճակում մենք չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժէք միաբանուել հայրենիքը զօրացնելու եւ ծանր կացութիւնից դուրս բերելու համար: Այսօր աշխարհն ալեկոծող աշխարհաքաղաքական սուր դիմակայութիւնները, որ տեղիք են տուել հոգեւոր, սոցիալական եւ տնտեսական բազմազան խնդիրների, նոյնպէս իրենց անմիջական ներգործութիւնն են ունենում մեր տարածաշրջանում ծաւալուող զարգացումների վրայ:

Այդուհանդերձ, առ Աստուած ապաւինութեամբ Ամանորի այս երեկոյ մենք բարեմաղթանքներ ենք ուղղում միմեանց: Բարեմաղթանքներ` աշխարհի խաղաղութեան, մեր հայրենիքի` Հայաստանի եւ Արցախի ապահովութեան ու առաջընթաց կեանքի: Մեր հոգում առաւելաբար ակնկալիքներն են մեր կորուստների վերականգնման, յառնած խնդիրների յաղթահարման եւ ազգային մեր կեանքի նորոգութեան:

Սիրելիներ, քրիստոնեայի առաքելութիւնն է ապրել յոյսով եւ լինել լաւատես` համոզումով, որ, ինչպէս ասում է առաքեալը, «յոյսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5. 5):

Պետութիւնները կործանւում են, ժողովուրդները անհետանում ոչ թէ փորձութիւնների ծանրութիւնից, այլ յոյսի սպառումից, ապագայի հանդէպ տեսլականի եւ այն կեանքի կոչելու վճռականութեան բացակայութիւնից: Մեր ժողովրդի յարագնայ երթը եղել է ու պիտի շարունակի մնալ Քրիստոսախարիսխ հաւատքի, յոյսի ու լաւատեսութեան պատմութիւն: Այս վստահութեամբ ապրենք ու գործենք` ամրօրէն կառչած մեր ինքնութեանը, մեր լինելիութեան անփոխարինելի գրաւականներին` հայրենիքին, մեր լեզուին ու մեր հաւատքին: Հեռու վանենք մեզանից վհատութիւնը, ապազգայնութիւնն ու անտարբերութիւնը եւ յուսառատութեամբ համախմբուենք ազգային ու պետական շահերի շուրջ: Գիտակցենք, որ այս է ուղին մեր վիրաւոր հայրենիքի ապաքինման, Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան, հայրենիք-սփիւռք միասնականութեամբ լուսաւոր գալիքի երաշխաւորման եւ ազգիս յարատեւութեան: Ուստի, առաքելական յորդորով «արթու՛ն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք» (Ա Թես. 5. 8-9):

Հայրապետիս աղօթքն է, որ Ամենակարողն Աստուած խաղաղութեան մէջ պահի մեր հայրենիքը եւ անփորձանք` հայրենեաց պաշտպան մեր զինուորներին: Տիրոջ օրհնութիւնն ու մխիթարութիւնն ենք հայցում ծանր կորուստնէր կրած ընտանիքներին, ապաքինութիւն` վիրաւորներին, շուտափոյթ վերադարձ` գերեվարուած ու անյայտ կորած մեր զաւակներին:

Ամանորի սեմին միասնաբար հայցենք Ամենակալից, որ նոր տարում մեր ժողովրդին ի Հայաստան, եարցախ եւ ի սփիւռս պահպանի խաղաղ ու ապահով, սիրով միասնական ու շնորհի հայրենաշեն ու ազգաշահ իրագործումներ: Թող Տէրը մեր կեանքում առատացնի յոյսը մեր հայրենիքի ու ազգի ապագայի հանդէպ: Եւ թող Աստծոյ սերն ու շնորհները այսօր եւ միշտ ուղեկից լինեն մեզ եւ ամէնքին:

Օրհնեալ, բարի նոր տարի:
_
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
www.armenianchurch.org

Sie sehen gerade einen Platzhalterinhalt von Standard. Um auf den eigentlichen Inhalt zuzugreifen, klicken Sie auf den Button unten. Bitte beachten Sie, dass dabei Daten an Drittanbieter weitergegeben werden.

Weitere Informationen